ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վիլնյուս նախապես պլանավորված այցը չեղարկվել է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ՀՀ ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ Ալեն Սիմոնյանը բավական մեծ շքախմբով մարտի 3-ից 6-ը պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, այնուհետեւ՝ 7-ից 8-ը, մեկնելու է Տալլին։ Պատվիրակության կազմում էին Արսեն Թորոսյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ ԱԺ մի խումբ աշխատակիցներ, սակայն ոչ մի ընդդիմադիր պատգամավոր:
«Մարտի 3-ից անցել է արդեն 4 օր, սակայն ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը լռում է Վիլնյուսի պաշտոնական այցի լուրի մասին։ Ավելին՝ ՀՀ ԱԺ նախագահը երեկ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել Տալլինից, ինչը ուղիղ փաստում է, որ ԱԺ նախագահի պատվիրակությունը միանգամից մեկնել է Տալլին: Այն, որ Ալեն Սիմոնյանը Վիլնյուս չի մեկնել, վկայում է նաև նրա կողմից ստորագրված հաջորդ կարգադրությունը, որով ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները մարտի 5-ից 7-ը դրվում է Հակոբ Արշակյանի վրա»,–գրում է թերթը։
Ավելի ուշ ԱԺ-ն հավելումներ է արել ԱԺ նախագահի գործուղման մասին համապատասխան կարգադրության մեջ՝ հավելվածի վերջում ավելացնելով, որ կարգադրության տեքստից հանում է Վիլնյուս բառը, բայց ծախսերի վերադարձի մասին ոչինչ չկար փաստաթղթերում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումների համար զանգահարել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակին, սակայն հեռախոսազանգին պատասխանել է հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հաստատել է, որ Վիլնյուս այցը չի կայացել, հետաձգվել է:
«Երկկողմ համաձայնությամբ է այցը չեղարկվել: Իրենք ընտրությունների են պատրաստվում, նախընտրական թոհուբոհի օրերի հետ կապված՝ անհամաձայնություն կար, ես էլ վատառողջ էի, չէի կարող գնալ»,- պարզաբանեց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ եթե այցը հետաձգվել է, կա՞ արդյոք պայմանավորվածություն, թե որքան ժամանակ է այն հետաձգվել, երբ այն պետք է կայանա: «Ապրիլի 2-րդ կեսին համաձայնություն կա, երևի 19-ի կողմերը, որ հետաձգված հանդիպումը տեղի կունենա. դեռ չենք հաստատել, քննարկում ենք սա»,-մանրամասնեց ԱԺ նախագահը:
Հետաքրքիր է՝ ԱԺ նախագահի այցը կազմակերպողները չգիտեին արդյոք, որ Լիտվայում ընտրություններ են սպասվում այցի օրերին։ Այսպիսով, թերթն արձանագրում է, որ Ալեն Սիմոնյանի համար իր պաշտոնակիցը՝ Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորիա Խմելիտե Նիելսենը, ժամանակ չունի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։