ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ուժայինները կանխել են ահաբեկիչների զինված հարձակումը Մոսկվայի սինագոգի վրա: Տեղեկությունը հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից:
«ՌԴ ԱԴԾ-ն Կալուգայի մարզի տարածքում կասեցրել է Աֆղանստանի ԻԳԻԼ միջազգային ահաբեկչական կազմակերպության (Ռուսաստանում արգելված է) «Վիլայաթ Խորասան» բջջի գործունեությունը, որի անդամները ծրագրում էին ահաբեկչական գործողություն իրականացնել Մոսկվայի հրեական պաշտամունքային հաստատություններից մեկի նկատմամբ», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանցագործներն ուժայինների տեսադաշտում են հայտնվել «որպես համապատասխան տեղեկություններ հավաքող անձինք»:
Հատուկ ծառայությունները հայտնել են` հետագայում պարզվել է, որ զինյալները ննախապատրաստվում են հրազենի կիրառմամբ հարձակում իրականացնել սինագոգի ծխականների վրա:
Այսօր հայտնի է դարձել, որ Կարելիայում կանխել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ահաբեկչությունը Բելառուսի քաղաքացու մասնակցությամբ: ԱԴԾ-ի տվյալներով՝ ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը տվյալներ է հավաքել և փոխանցել տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և տարածաշրջանի գործադիր իշխանության մարմինների մասին։ Ձերբակալության ժամանակ նա կրակ է բացել անվտանգության մարմինների աշխատակիցների վրա և սպանվել է։ Ուժայիններն ու խաղաղ բնակիչները չեն տուժել։
Տեղում առգրավվել է ՌԵ-8 (Մեծ Բրիտանիայի արտադրություն) պլաստիկ պայթուցիկի, Մ-6 էլեկտրոդետոնատորի (ԱՄՆ-ի արտադրություն) և կենցաղային թայմերի հիման վրա պատրաստված, օգտագործման համար պատրաստ դիպուկահարի հրացան, ինչպես նաև Մակարով ատրճանակ և դրա համար զինամթերք: