Միրզոյանն ակնկալում է Բայրամովի հետ համաձայնեցնել նոր հանդիպման ժամկետը

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Բաքվի հետ շատ հարցերում հնարավոր է եղել համաձայնեցնել դիրքորոշումները, սակայն հակասություններ մնում են երկու կարևոր դրույթներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ակնկալում է, որ շուտով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կհամաձայնեցվի նոր հանդիպման ժամկետը։ Այս մասին Միրզոյանը հայտարարել է Anadolu-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ մշտական կապի մեջ է Ջեյհուն Բայրամովի հետ։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Բաքվի հետ շատ հարցերում հնարավոր է եղել համաձայնեցնել դիրքորոշումները, սակայն հակասություններ մնում են երկու կարևոր դրույթներում` երկու երկրների սահմանների սահմանազատման սկզբունքները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային գծերի ապաշրջափակումը։
Հայաստանը չի ցանկանում նոր սահմաններ գծել և պնդում է, որ ապագա խաղաղության պայմանագրում արձանագրվեն1991 թվականի Ալմաթայի հռչակագրում ամրագրված սկզբունքները։ Սակայն այս հարցում Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերել չի հաջողվում։
Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա Երևանը դեմ է, որ Հայաստանով անցնող երթուղիների անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից։ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղ դրանք գտնվում են։ Այս սկզբունքը հավասարապես պետք է կիրառվի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա։ Սակայն Ադրբեջանը դեմ է այդ սխեմային։