ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 7-րդ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
«Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը և աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած սահմանազատման հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022թ–ի մայիսի 24–ին Երասխի մոտ, 6–րդը` 2024–ի հունվարի 31–ին Իջևան-Ղազախ հատվածում։