ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ընդհանրապես կառավարությունում չի կարող լինել համակարգային կոռուպցիա: Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը։
«Եթե առանձին պաշտոնյաներ կամ առանձին պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք ինչ-որ գործառույթներ են իրականացնում, ինչ-որ բան այն չեն անի կամ միգուցե կչարաշահեն իրենց դիրքը և պաշտոնը, ապա, իհարկե, պետք է պատժվեն»,– ասաց նա:
Նա չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա։
«Եկեք սպասենք, դատաքննությունը կավարտվի, կտեսնենք` ով ինչ մեղավորություն ունի. կարող է պարզվի` մի մասը մեղավորություն ունի, մյուս մասը` ոչ, ու դա կարող է հետևանքներ ունենա»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը` Անի Գևորգյանին, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանին ու Աշոտ Հովհաննիսյանին, որոնք ավելի ուշ կալանավորվեցին։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Փետրվարի 12–ին հայտնի դարձավ, որ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է, որոշվել է նրանց նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։
Փետրվարի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Նա մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Քերոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։