ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանում մարտի 1–ից մոտ 40.000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով դեղատների աշխատակիցների ու քաղաքացիների այն բողոքներին, որ «Արմեդ» համակարգը լավ չի աշխատում։
Նախարարի խոսքով` իրենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում են բոլոր խնդիրները, որոնց լուծում են տալիս։ Բացի այդ, ամփոփվում են շատ տրվող հարցերը և դրանց պատասխանում են։
«Այս թիվը խոսում է նրա մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է։ Բայց ես, իհարկե, հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը, հասկանալով, որ ցանկացած նման բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են որոշակի դժվարություններ»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` քաղաքացիների բողոքները հիմնականում լինում են տեղեկատվության պակասից։ Օրինակ, քաղաքացին օգտագործում է մի դեղ, որը դեռ երկար ժամանակ իրեն պետք է ու նրան հետաքրքրում է՝ արդյոք ամեն անգամ պետք է գնա բժշկի։
«Մենք տեղեկացնում ենք, որ ոչ, դրա անհրաժեշտությունը չկա, կարող են մեկանգամյա դեղատոմսով բավականին երկար ժամանակ գնել այդ դեղերը»,–ասաց նա։
Հավելենք, որ խնդրի մասին Sputnik Արմենիան զրուցել էր ինչպես դեղատների աշխատակիցների և քաղաքացիների հետ, այնպես էլ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանի հետ։
Հիշեցնենք, որ մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։
2025 թ–ի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անվանում դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։