Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները մշտապես կապի մեջ են. Արարատ Միրզոյան

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Երևանն ու Անկարան մի շարք հատվածներում սահմանային ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ Թուրքիայի հետ սահմանը հնարավորինս շուտ բացվի։ «Anadolu»–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ երկու երկրի ղեկավարների` Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մշտական շփում կա, և դա դրական դինամիկ է ապահովում։
Միրզոյանը նշել է, որ սահմանների բացումը նախևառաջ օգուտ կբերի հասարակ մարդկանց:
Ըստ նրա` այժմ կողմերը քննարկում են հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման նախագիծը։ Ձեռք են բերվել նաև որոշ պայմանավորվածություններ սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: