ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանության արժանացրեց «Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. դեկտեմբերի 14–ին Աթենքում և նպատակ ունի ուժեղացնել պաշտպանական կարողությունները նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքով, խթանել զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցությունը։
«Համաձայնագիրը ներառում է զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Ըստ համաձայնագրի` երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով:
Նախատեսվում է ստեղծել նաև հայ-հունական հանձնաժողով:
Համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Միայն դրանից հետո նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։
ՀՀ ՍԴ–ում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: