«Զվարթնոցում» ծառայություն կիրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը. ԱԽ քարտուղար

Արմեն Գրիգորյանն այսօր արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցում ՀՀ–ն իր հստակ դիրքորոշումը պաշտոնական նամակով տեղյակ պահել է ՌԴ–ին։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Դիրքորոշումն այն է, որ օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ ՀՀ–ն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռքբերում, և այս պահին ՀՀ–ն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սոչիում ընթացող Երիտասարդության համաշխարհային փառատոնի ժամանակ այսօր հայտարարել է, որ Հայաստանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել, Ռուսաստանին դրա մասին չեն հայտնել։