Տեխնիկական խնդիրներ, դժգոհող մարդիկ. էլեկտրոնային դեղատոմսը պարտադրվեց ժամանակից շո՞ւտ

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդնումից հետո տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Մինչ դեղատների աշխատակիցները մեղադրում են «Արմեդ» համակարգին, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ–ից բացատրում են, որ համակարգը ծանրաբեռնված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հայաստանում մարտի 1–ից 470 անուն դեղ վաճառվում է միայն էլեկտրոնային դեղատոմսով, մինչդեռ Երևանի դեղատների աշխատակիցներն ու քաղաքացիները պնդում են, որ դեռ վաղ էր նման որոշման համար։
Sputnik Արմենիան շրջել է Երևանի մի քանի դեղատներում և հարցումներ անցկացրել։
«Դեռ ժամանակը չէր, դա իմ անձնական կարծիքն է։ Օրինակ՝ դուք գիտե՞ք, թե դեքսամետազոնով մենք քանի մարդու կյանք ենք փրկել. չտայինք, մեռնելու էին»,–ասում է դեղատներից մեկի աշխատակիցը։
Մյուս աշխատակցի խոսքով` տարեց մարդիկ երբեմն անգամ հարևաններին են խնդրում դեղեր գնել, իսկ այժմ ստիպված են անձամբ ներկայանալ։
Աշխատակիցները նաև նշում են, որ «Արմեդ» համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, ու երբեմն մարդիկ գալիս են ու ժամերով սպասում, որպեսզի կարողանան դեղ ձեռք բերել։
Դեղատնից օգտվողները նույնպես իրենց դժգոհությունն են հայտնում։
«Հազիվ հեռախոսից եմ օգտվում։ Ես այդ էլեկտրոնային դեղատոմսից չեմ կարող օգտվել, միայնակ ծեր կին եմ։ Պետք է մեռնե՞մ առանց դեղի»,–ասում է տարեց կինը։
Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինա Հարությունյան հետ։
Նա համաձայն չէ այն մտքի հետ, որ վաղ էր էլեկտրոնային դեղատոմսը պարտադիր դարձնելը։
«Արդեն 3 ամիս է, ինչ նախարարության կողմից լայնածավալ իրազեկման աշխատանքներ են իրականացվել դեղատների և տարբեր բուժհաստատությունների բժիշկների ու հանրության հետ՝ ԶԼՄ–ների օգնությամբ և շրջաբերական գրություններով։ Մենք անընդհատ այս մասին խոսում ենք, և արդեն արդիական չէ ասել, որ հանրությունը կամ բուժաշխատողներն իրազեկված չեն»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` ուղղակի պատրաստակամություն է անհրաժեշտ այս համակարգին միանալու համար։
Հարությունյանն ընդգծեց, որ պարտադիր դեղատոմսի առկայությունը նորարարություն չէ, կարգը գործում է 2019 թվականից թղթային տարբերակով , չնայած նրան, որ շատ դեպքերում դա չի պահպանվել։
«Նորություն չէ այն, որ 470 անուն դեղերը դեղատոմսով են դուրս գրվում։ Այս դեղերը արտադրողի կողմից էլ Հայաստանում գրանցվել են որպես դեղատոմսով վաճառվող դեղեր։ Նորությունը այս կարգի մեջ միայն էլեկտորնային դեղատոմսի ներդրումն է»,–ասաց նա։
Ըստ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետի` իրենց քաղաքականության գերագույն նպատակը բնակչության առողջության բարելավումն է։ Բացի այդ վերահսկողության մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Այժմ եթե բժիշկը բուժառուի այցը մուտք չանի «Արմեդ» համակարգ, ուղղակի չի կարող էլեկտրոնային դեղատոմս դուրս գրել։
Ինչ վերաբերում է տարեցներին կամ առհասարակ էլեկտրոնային դեղատոմսերից օգտվողներին, Հարությունյանի խոսքով` «Արմեդ» համակարգ մուտք գործելի կարիք ուղղակի չկա։ Եթե մարդը ցանկանում է տեսնել, թե իր անունով ինչ դեղեր են դուրս գրվել պոլիկլինիկաների կողմից, կարող է մուտք գործել համակարգ, մնացած դեպքերում դրա անհրաժեշտությունը չկա։
Ինչ վերաբերում է դեղատների աշխատակիցների ու քաղաքացիների բողոքներին, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանը նշում է, որ համակարգի հետ կապված համատարած տեխնիկական խնդիր չի եղել։
«Ամբողջ խնդիրը նրանում է, որ վերջին 3-4 օրերի ընթացքում 700 դեղատուն է միացել «Արմեդ» համակարգին։ Միանալուց հետո իրենց ուղեցույցներ ենք ուղարկել, որպեսզի ծանոթանան, թե ինչպես պետք է օգտվեն համակարգից։ Տեսականորեն հնարավոր է՝ մարդը դեղատոմսով գնա դեղատուն, և իրեն ասեն, որ դեռ կցված չեն համակարգին»,–ասաց նա։
Հարևանը չպիտի բուժում նշանակի. մասնագետը խոսել է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի մասին
Ասատրյանն ընդգծեց, որ մինչև մարտի 1–ը համակարգին միացած են եղել մոտ 100 դեղատներ, որոնք պետպատվերի շրջանակում դեղատոմսեր են սպասարկել։
Նրա կարծիքով՝ մյուս շաբաթ արդեն բոլոր դեղատները միացած կլինեն համակարգին, որն էլ կբացառի տեխնիկական խնդիրները։ Բացի այդ` Ասատրյանը նշեց, որ տեխնիկական խնդիրներ կան նաև դեղերի բազաների հետ կապված։ Օրինակ, X դեղը գոյություն ունի, բայց բազաներում առկա չէ։
Հիշեցնենք, որ մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։
2025 թ–ի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անվանում դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։