Պուտինը Սոչի մեկնած օտարերկրացի ուսանողներին խորհուրդ է տվել ավելի տաք հագնվել

ՌԴ նախագահի հետ զրուցել է փառատոնի գաբոնցի մասնակից Օլիվիան, որը Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանում ռուսաց լեզու է դասավանդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է օտարերկրացի ուսանողների հետ, որոնք Սոչի են մեկնել Երիտասարդության համաշխարհային փառատոնին մասնակցելու նպատակով, և նրանց խորհուրդ է տվել ավելի տաք հագնվել: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մրսո՞ւմ եք, թե՞ ոչ: Կարևորը՝ տաք հագնվեք»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի հետ զրուցել է փառատոնի գաբոնցի մասնակից Օլիվիան, որը Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանում ռուսաց լեզու է դասավանդում։ Օլիվիան Պուտինին պատմել է, որ սիրահարվել է ռուսերենին և սկսել է ուսումնասիրել 19-րդ դարի պոեզիան։
Պուտինը նշել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արագ թարգմանել, բայց համակարգչային թարգմանությունը այլ մշակույթի մեջ ընկղմվելու հնարավորություն չի տալիս:
«Իսկ ուրիշ մշակույթն ուրիշ աշխարհի պես բան է։ Բնօրինակով Պուշկին կարդալը, բնօրինակով Գյոթե կարդալը, բնօրինակով Դրայզեր կարդալը բոլորովին այլ ընկալում է այն աշխարհի մասին, որտեղ ապրում է ստեղծագործողը կամ գրողը»,- հավելել է ՌԴ նախագահը։
Երիտասարդության համաշխարհային փառատոնն անցկացվում է մարտի 1-7-ը «Սիրիուս» դաշնային տարածքում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: Փառատոնի կազմակերպիչը «Ռոսմոլոդյոժ»–ն է։
ՌԻԱ Նովոստին Երիտասարդության համաշխարհային փառատոն-2024-ի գլխավոր տեղեկատվական գործընկերն է: