Փաշինյանը Ալ-Ազհարի իմամին նվիրեց Մատենադարանում պահվող Ղուրանի առաջին սուրահի կրկնօրինակը

Նիկոլ Փաշինյանն ու Ալ-Ազհարի գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը
Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբն իր հերթին պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Մատենադարանում պահվող արաբատառ ձեռագրերի ցուցահանդես։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսում հանդիպել է Ալ-Ազհարի գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարչապետը կարևորել է Եգիպտոսում առկա կրոնական հանդուրժողականությունը և ընդգծել տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի փաստը:
«Նիկոլ Փաշինյանը ցավով է նշել, որ երբեմն փորձ է արվում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով` հավելելով, որ դրա պատճառներից է նաև այն, որ մարդիկ երբեմն այդքան էլ լավ պատկերացումներ չունեն կրոնների մասին: Այս առումով, վարչապետը կարևորել է կառավարությունների դերը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանն ու Ալ-Ազհարի գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը
Նիկոլ Փաշինյանն Ալ-Ազհարի Գերագույն Իմամին է նվիրել Մատենադարանում պահվող 1719 թ. Ղուրանի առաջին սուրահի կրկնօրինակը:
Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբն իր հերթին պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Մատենադարանում պահվող արաբատառ ձեռագրերի ցուցահանդես` հավելելով, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են նաև հասարակությունների միջև խաղաղ գոյակցության հաստատմանն ու ամրապնդմանը:
Հիշեցնենք` Փաշինյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Այցի շրջանակում ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ-Սիսիի հետ, հանդիպումներ ունեցել Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ:
Նիկոլ Փաշինյանն ու Ալ-Ազհարի գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը