Միհրան Պողոսյանը կուսակցություն է բացել

Միհրան Պողոսյան
ԴԱՀԿ նախկին պետը չի բացառել, որ կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը կուսակցություն է բացել, որը կոչվում է «Հայոց համազգային միասնություն»։ Այդ մասին նա ասել է MediaHubTV–ի հետ զրույցում։
Նա նաև նշել է, որ օրեր առաջ դիմում է գրել, դուրս է եկել ՀՀԿ–ից և մի քանի օր հետո ընտրվել է նորաստեղծ կուսակցության նախագահ։
Պողոսյանն ասել է, որ կուսակցության գրասենյակներ է բացելու նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր։ Նա պատրաստ է անգամ համագործակցել գործող իշխանության անդամների հետ, միայն թե հեռացնեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ԴԱՀԿ նախկին պետը չի բացառել, որ կմասնակցի 2026 թ. խորհրդարանական ընտրություններին։
Ի դեպ, Պողոսյանն արդեն 5 տարի է` ապրում է Ռուսաստանում, զբաղվում է բիզնեսով։
Հիշեցնենք` Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում` իրավապահների հսկողության տակ։
2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության` Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։
2022թ–ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։
2023 թվականի օգոստոսին դատախազությունը հայտնեց, որ նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: