ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի վերջին այցելել են Ադրբեջանում պահվող հայերին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Այցը տեղի է ունեցել Կարմիր խաչի ստանդարտ ընթացակարգերի շրջանակում, ձերբակալվածներին ընտանիքների հետ շփումների հնարավորություն է ընձեռվել:
Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի վերջին, փետրվարի սկզբին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։