Ուղիղ 5 տարի առաջ Ջեֆ Բեզոսն աշխարհի թիվ մեկ մեծահարուստն էր՝ 120 միլիարդ դոլարով։ Հետո իջավ մինչև չորրորդ հորիզոնական։ Իսկ այս շաբաթ «Բլումբերգ» գործակալությունը հայտնեց՝ Ջեֆ Բեզոսը կրկին աշխարհում առաջինն է, բայց այս անգամ արդեն 200 միլիարդով։ Ո՞րն է այս մարդու հաջողության գաղտնիքը։
«Ֆորբսը» մի անգամ նման 17 գաղտնիք էր նշել, թեև ես կառանձնացնեի միլիարդատերի հենց այս միտքը. «Ինձ շատ հաճախ են հարցնում՝ ի՞նչ է փոխվելու առաջիկա 10 տարիներին։ Եվ գրեթե երբեք չեն հարցնում՝ ի՞նչը չի փոխվելու առաջիկա 10 տարիներին։ Այնինչ այս երկրորդ հարցը շատ ավելի կարևոր է, որովհետև դուք ձեր հեռանկարային ծրագրերը՝ ուզեք–չուզեք, միևնույնն է, պիտի կառուցեք կայուն, անփոփոխ երևույթների և գործոնների շուրջ»։
Համաձայնե՛ք` ամերիկացի մեծահարուստի այս դիտարկումը չափազանց կարևոր և հրատապ է նաև հայերիս համար, որովհետև անընդհատ տալիս ենք մեր ամենասիրած հարցը. «Լա՛վ, բա վերջն ի՞նչ է լինելու», փոխանակ ելնենք այն իրողություններից, որոնք անփոփոխ են մնալու թե՛ 10, թե՛ 20, թե՛ 100 տարի հետո. կարող ենք հաղթել, կարող ենք պարտվել, բայց միևնույնն է՝ շարունակելու ենք ապրել մեր հարևանների կողքին, ուրեմն պիտի ամեն ինչ անենք, որ այդ հարևանությունն առնվազն տանելի լինի։
Բայց վերադառնանք աշխարհի ամենահարուստ մարդուն, որն անցած ամիս նշեց իր 60-ամյակը։ Այն էլ ինչպե՜ս նշեց։ Մոտ 180 միլիոն դոլար ծախսեց հոբելյանն իր նոր ընտրյալի՝ մեր գործընկեր, ամերիկացի հեռուստալրագրող Լորեն Սանչեսի առանձնատանը կազմակերպելու համար։ Մեկնաբանները փաստում են՝ այս երեկույթը գրեթե ոչնչով չէր տարբերվում «Օսկարների» հանձնման արարողությունից հետո տեղի ունեցող ճաշկերույթներից։ Ով ասես՝ կար։ Հրավիրվածների թվում էին Բիլ Գեյթսը, Բիոնսեն, Օփրա Ուինֆրին, Քիմ Քարդաշյանը, Թոմի Հիլֆիգերը, Ռոբի Ուիլյամսը, Քեթի Փերին։ Լորեն Սանչեսն էլ ներկայացավ մի շրջազգեստով, որի զարդարված էր «Սվարովսկի» ընկերության հազարավոր թանկարժեք քարերով։
Ի դեպ, Բեզոսի սիրած էակը նաև կերակուրների տեսականին էր ընտրել, որն առաջին հայացքից չափազանց տարօրինակ էր։ Սև ձկնկիթի և էկզոտիկ ուտելիքների կողքին կային նաև մոտակա «Մաքդոնալդսից» բերված հասարակ համբուրգերներ, ինչն առաջացրեց հյուրերի զարմանքը։ Դե շատ քչերը գիտեն, որ աշխարհի ամենահարուստ մարդը իր աշխատանքային գործունեությունը սկսել է ուսանողներին համբուրգերներ վաճառելուց. 16 տարեկանում աշխատել է «Մաքդոնալդսում»։ Ափսոս, Հայաստանում նրա փորձն ընդօրինակելու հնարավորություն չկա այն պարզ պատճառով, որ Երևանն աշխարհի այն սակավաթիվ մայրաքաղաքներից է, որտեղ մինչև հիմա ոչ մի «Մաքդոնալդս» չի բացվել։
Իհարկե, պատանեկության տարիներին համբուրգերի վաճառքով զբաղվելը չի երաշխավորում, որ ի վերջո կհիմնեք մի ընկերություն, որն իրականացնում է Ամերիկայի պես հսկա երկրի ամբողջ առցանց առևտրի գրեթե կեսը, իսկ աշխատատեղերի թվով զիջում է միայն «Walmart» սուպերմարկետների ցանցին։ Դրա համար նախ անհրաժեշտ են ստեղծագործական ունակություններ, բայց ամենակարևորը՝ պիտի շրջապատեք ձեզ բանիմաց մարդկանցով՝ անկախ ամեն ինչից, հաճախ նույնիսկ անտեսելով հասարակությունում տիրող տրամադրությունները։ Երբ քաղաքական որոշ գործիչներն ու լրատվամիջոցները սկսեցին խստորեն քննադատել Բեզոսին այն բանի համար, որ նրա ընկերության կառավարման վերին օղակում չկա ոչ մի սևամորթ, և ընդգրկված է ընդամենը մի կին, մեծահարուստը զայրացավ. «Հիմա ի՞նչ, ուզում եք ասել, որ ես ռասիստ եմ ու կնատյա՞ց։ Ախր ինձ համար երբեք բացարձակ ոչ մի նշանակություն չի ունեցել ո՛չ մարդու սեռը, ո՛չ էլ մաշկի գույնը։ Ես ելնում եմ միայն մի չափանիշից՝ աշխատողը պետք է առավելագույնս օգտակար լինի մեր ընդհանուր գործն առաջ տանելու համար»։
Մի քանի տարի առաջ Ջեֆ Բեզոսը հայտարարեց՝ կարողությանս մեծ մասն ուղղելու եմ բարեգործական նպատակների իրագործմանը, բայց ուզում եմ ոչ թե որպես ժառանգություն թողնել գումարը, այլ ծախսել այն կյանքիս օրոք։ Եվ հենց կյանքի օրոք սկսեց ծախսել իր փողը՝ կյանքը երկարացնելու նպատակով։ 2022 թվականին Ջեֆ Բեզոսը 3 միլիարդ դոլար հատկացրեց «Alto Labs» նորաստեղծ ընկերությանը՝ «մահվան դեմ դեղամիջոց» մշակելու համար։ Թեև ղեկավարների կազմում նա ընդգրկել է Նոբելյան մրցանակի դափնեկիր երկու հայտնի գիտնականների, մեծահարուստն իհարկե այնքան միամիտ չէ, որ հույս ունենա, թե հնարավոր է վերջապես գտնել հավերժական կյանքի գաղտնիքը։ Սակայն մասնագետները կանխատեսում են՝ անմահության որոնման ճանապարհին շատ կարևոր գիտական հայտնագործություններ կարելի է ակնկալել։ Եվ ուրեմն, ինչպես սիրում է կրկնել Ջեֆ Բեզոսը. «Ապրեք երկա՛ր։ Աշխատե՛ք, ուրախացե՛ք և կերտե՛ք պատմությունը»։