ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է կուսակցություն ստեղծելու մասին

Արշակ Կարապետյան
Կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա հաջորդ ամսվա սկզբին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. «Համահայկական ճակատ» հասարակական շարժումը կուսակցություն կդառնա։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
«Նկատի ունենալով «Համահայկական ճակատ» հասարակական շարժումը քաղաքական պայքարի փուլ մտնելու պատրաստվածությունը` հայտարարում եմ, որ «Համահայկական ճակատ» հասարակական շարժման աջակիցներով որոշում ենք կայացրել ստեղծել «Համահայկական ճակատ» կուսակցություն»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա ապրիլի 5-ին։
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը 1993֊2018 թվականին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Եղել է գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ։ 2018֊2021 թվականներին եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։ Կարապետյանը պաշտպանության նախարար նշանակվեց 2021թ–ի օգոստոսի 2–ին, նույն թվականի նոյեմբերի 15–ին պաշտոնանկ արվեց։