ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Համահայկական ձմեռային 2–րդ խաղերի բացման արարողությունը կանցկացվի 2025 թ. փետրվարին Ջերմուկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի անդամները` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, այսօր այցելել են Ջերմուկ, շրջել 2025 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման համար նախատեսված վայրում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ծանոթանալով պայմաններին՝ որոշում է կայացվել խաղերի բացման միջոցառումն անցկացնել Ջերմուկում:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և այլք:
Հիշեցնենք, որ Համահայկական ձմեռային առաջին խաղերն անցկացվել են 2014 թ. փետրվարի 24–ից մարտի 2–ը Ծաղկաձորում և Երևանում: