Եգիպտոսի մայրաքաղաքի հրապարակներից մեկը Հայաստանի անունով կկոչվի

Վարչապետ Մադբուլը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` Եգիպտոս-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը նպաստելու գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Եգիպտոսի մայրաքաղաքում հրապարակներից մեկը Հայաստանի անունով կկոչվի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Երևանի հրապարակներից մեկը Եգիպտոսի անունով կոչելու համար։
Նիկոլ Փաշինյանն ու Մոսթաֆա Մադբուլը
Փաշինյանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վարչապետների հանդիպումը կայացել է Եգիպտոսի նոր վարչական քաղաքում։
Նրանք քննարկել են երկու երկրների բազմաոլորտ համագործակցությունը, անդրադարձել են պատմական բարեկամական կապերին։ Մոսթաֆա Մադբուլը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` Եգիպտոս-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը նպաստելու գործում:
«Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնական այցի արդյունքներով երկկողմ գերազանց քաղաքական հարաբերություններին զուգահեռ կխորանա նաև տնտեսական փոխգործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանը կարևորել է նաև գործարարների հետ ունեցած հանդիպումը: Ընդգծվել է առաջիկայում Հայաստան-Եգիպտոս միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստի ու դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը։ Դրա ընթացքում ներկայացվելու են նաև ներդրումային տարբեր առաջարկություններ: Փաշինյանը կարևորել է նաև Եգիպտոսի աջակցությունը լոգիստիկ հարցերում` Հայաստանից Գազա հումանիտար օգնություն ուղարկելու հարցում:
Նիկոլ Փաշինյանն ու Մոսթաֆա Մադբուլը
Քննարկվել են նաև առևտրաշրջանառության ընդլայնման, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստ և գործարար ֆորումն անցկացնել առաջիկա ամիսների ընթացքում:
Հիշեցնենք` Փաշինյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն է մեկնել երկօրյա պաշտոնական այցով: