ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Երեկ` մարտի 5–ին, սոցցանցերում առաջացած տեխնիկական խնդիրներից հետո բազմաթիվ մարդիկ կրկին չեն կարողանում օգտվել իրենց օգտահաշիվներից։ Այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Բազմաթիվ մարդիկ կրկին չեն կարողանում մտնել «Ֆեյսբուք» կամ «Ինստագրամ»։ Ի՞նչ անել, ո՞նց անել։ Փորձող կա` հավելվածը ջնջել ու նորից տեղադրել է, օգնել է»,– գրել է նա։
Մարտիրոսյանի գրառման տակ տասնյակ մարդիկ մեկնաբանություն են թողել, որ այդպես էլ չեն կարողանում մուտք գործել իրենց հաշիվներ։
« «Ինձ մոտ էլ չի լինում, կոդ չի գալիս, 20 անգամ փորձել եմ», «Չի լինում, միևնույնն է` չի ստացվում», «Ինձ չօգնեց»»,–գրել են նրանք։
Հիշեցնենք` երեկվանից ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում զանգվածային խափանումներ են առաջացել «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցցանցեր մուտք գործելիս։
Երեկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիթների կողմից հարձակումներ են եղել, որոնք ազդել են նաև Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի միջև կապի վրա։ Հաղորդվում է, որ հուսիթների հարձակումը խոշոր կայքերի զանգվածային խափանումներ է առաջացրել, այդ թվում՝ Youtube, Google, «Ֆեյսբուք»և «Ինստագրամ» սոցցանցերում: