ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի որոշումներից։
Նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը Փարիզ կգործուղվի ապրիլի 3-5-ը։
Նա կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
Նշենք, որ այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։ Հայաստանում այս տարի նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, որոնց մեկնարկը տրվել է 2024 թվականի հունվարին:
Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Նախատեսվում է միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես և այլն: