Փաշինյանը հայտնել է` ինչ ժամկետում պետք է ՀՀ–ն դիմի ԵՄ թեկնածու դառնալու համար

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները կասկածներ ունեն, որ ԵՄ թեկնածու դառնալու համար հայտ ներկայացնելու ժամանակ էլ վերջինս պատրաստվում է սահմանադրական հանրաքվե անցկացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե ամենաուշն ինչ ժամկետում է պատկերացնում, որ Հայաստանը պետք է դիմի ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Հանդիպման ժամանակ օրակարգում եղել են ՀՀ-ի կողմից ԵՄ անդամի թեկնածու դառնալու գործընթաց սկսելուն առնչվող հարցերը։ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ Արևմուտքը պահանջում է գործնական քայլեր՝ Ռուսաստանից անջատվելու, տարածաշրջանից հեռացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանին ստեղծված իրավիճակում այլ բան չի մնում, քան կատարել Արևմուտքի պահանջները, քանի որ ՌԴ–ն երես է թեքել մեզնից։ Փաշինյանն ասել է` ամենաուշը մինչև աշուն պետք է դիմել` ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար։ Թիմում կասկածներ կան, որ հենց այդ ժամանակ էլ ՀՀ վարչապետը պատրաստվում է անցկացնել սահմանադրական հանրաքվեն՝ պետության արտաքին քաղաքականությունը փոխելու վստահության քվե խնդրելով ժողովրդից»,– գրում է թերթը։
Նշվում է, որ մինչ լայն կազմով հավաքը, Փաշինյանը նեղ «կռուգում է» հարցը քննարկել ու պատահակն չէ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ շաբաթ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամության թեկնածու դառնալ։
Ընդլայնված նիստի ընթացքում Փաշինյանը հայտնել է, թե իբր Հայաստանի անվտանգային շահն է պահանջում ԵՄ անդամության թեկնածու դառնալ, եթե ոչ ռազմական առումով, ապա գոնե տնտեսական, ինչը թույլ կտա Հայաստանին ուժեղանալ։
Երկիրը պատերազմի վտանգի տակ է, ՔՊ–ն տուն–տունիկ է խաղում. Մամիջանյան
Պարբերականի ՔՊ խմբակցության աղբյուրները չեն թաքցնում, որ թիմում տագնապած են այն հեռանկարից, որ Հայաստանը կտրուկ քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական կուրսը փոխելու նպատակով։
Թերթը գրում է նաև, որ փակ քննարկմանը ներկա են եղել ոչ միայն ՔՊ–ական պատգամավորները, այլև նախարարներ, Անվտանգության խորհրդի քարտուղարը, կուսակցության վարչության անդամներ։
«Թիմում մեծ մասը դեմ է եղել շտապողականությանը, բացառությամբ ԱԺ նախագահի և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի։ Նրանք Ռուսաստանի դեմ հոխորտալից ելույթներով փորձել են հիմնավորել, որ ԵՄ թեկնածության հայտի համար պետք է դիմել հնարավորինս շուտ՝ այդպիսով գուցե խելքի բերեն նաև Ռուսաստանին։ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնելը վտանգավոր և ռիսկային է որակել ՔՊ–ական Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանն էլ է ելույթ ունեցել։ Այլ պատգամավորներ էլ են խոսել այն մասին, որ պետք չէ շտապողականություն դրսևորել և առնվազն մեկ տարի պետք է ծանրութեթև անել։ ՔՊ–ականներից մի քանիսը մտավախություն է հայտնել, որ Մոսկվան Հայաստանում իշխանափոխություն կիրականացնի»,– գրում է թերթը։
Գուրգեն Արսենյանը տնտեսական բաղադրիչի մասին է երկար ելույթ ունեցել՝ ներկայացնելով, որ Հայաստանն ամբողջովին կապված է ռուսական շուկայի հետ, մի քանի առիթով թեթև փորձել են «պատժել»` Լարսը փակելով, արդյունքում ՀՀ-ում կաթվածահար իրավիճակ է ստեղծվել։ Ոմանք էլ կարծիք են հայտնել՝ այսպես թե այնպես, ՀՀ-ն շարժվում է ԵՄ-ի ուղղությամբ, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցում, Հռոմի ստատուտի ընդունում... ի՞նչ իմաստ ունի շտապելը, ՌԴ զայրույթը շարժելը։
«Զվարթնոցում» ռուս սահմանապահների ներկայության հարցը ՔՊ–ի օրակարգում է. Հովհաննիսյան
Նման դիրքորոշում հայտնողների գլխավոր փաստարկը եղել է այն, որ գոնե այդպիսով Հայաստանը մանևրի դաշտ կունենա, սակայն Նիկոլ Փաշինյանը պնդել է այդ քայլի անխուսափելիության մասին։ Վարչապետը վստահեցրել է` ինչ լինելու է, կլինի, Ռուսաստանից որևէ հույս ու սպասելիք չկա, իսկ Արևմուտքը կարող է անվտանգային երաշխիքներ տալ:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ հանդիպմանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա օրերին, պետք է փաստարկված ներկայացնեն ԵՄ անդամության թեկնածու դառնալու քայլի հնարավոր հետևանքները և ռիսկերը: Փաշինյանը պատգամավորներին հորդորել է մասնագիտական վերլուծություններ իրականացնել և քննարկել առաջիկա հանդիպումներին այդ հարցը:
Թերթի աղբյուրները նաև հայտնել են, որ առաջիկայում հնարավոր է` պատգամավորներն առանձին հանդիպումներ ունենան ԱԳ նախարարի, ԱԽ քարտուղարի և կառավարության այլ օղակների պատասխանատուների հետ։