ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Այցի շրջանակում Փաշինյանն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:
Փաշինյանը կայցելի Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կկայանա հանդիպում եգիպտացի գործարարների հետ: