ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այս պահին ՀՀ սահմաններին կուտակումներ չկան։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս հայտարարությունն արեց ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«ՀՀ զինված ուժերը բոլոր միջոցներով ուշիուշով հետևում են հակառակորդի` Ադրբեջանի ԶՈւ–ի շարժերին։ Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն»,– ասաց Ասրյանը։
Անդրադառնալով ՀՀ սուվերեն տարածքում (Ներքին Հանդում) տեղակայված ադրբեջանական զինուժին` նա ընդգծեց, որ շփման գիծն այնպիսի հատված է, որ և՛ ՀՀ զինված ուժերը, և՛ հակառակորդը դիրքեր ունեն։
Ասրյանը նշեց` եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա այդքան էլ հայկական կողմն ունի, ու շեշտեց` պետք չէ, որ քանակը բացահայտի։ ԳՇ պետը վստահեցրեց` հայկական բանակը ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում է իր առջև դրած խնդիրները։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել, 1-ը՝ վիրավորվել: