ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը և Իսրայելը համաձայնեցրել են համաձայնագրի հիմնական կետերը՝ 40-օրյա հրադադարի հասնելու համար: Տեղեկությունը EFE գործակալությանը հայտնել են Կահիրեի բանակցություններին մոտ կանգնած պաղեստինյան և եգիպտական աղբյուրները։
Պարբերականի տեղեկություններով՝ կողմերը պայմանավորվել են 40-օրյա զինադադարի մասին, որի ընթացքում 40 իսրայելցի պատանդներ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և 60-ից բարձր տարիքի տղամարդիկ, ազատ կարձակվեն իսրայելական բանտերում գտնվող 404 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց:
Բացի այդ, որոշվել է, որ առաջին փուլում Իսրայելը դուրս կբերի իր զորքերը Գազայի հատվածի քաղաքային կենտրոններից, ինչպես նաև Ռաֆահ քաղաքում տեղահանված անձանց թույլ կտա վերադառնալ պաղեստինյան անկլավի հյուսիսային և կենտրոնական շրջաններ: Բացի այդ, ամեն օր Գազայի հատված բաց կթողնվի հումանիտար օգնություն տեղափոխող առնվազն 500 բեռնատար:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Մի քանի օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում ՝ քաղաքացիական օբյեկտներին: Իսրայելը նաև հայտարարել Է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին։