ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Սիգարետի ներմուծման ծավալները 2022 թվականին 2019–ի համեմատ կրճատվել են շուրջ 30%-ով, իսկ տաքացվող և էլեկտրոնային ծխախոտների ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար մոտ 3 և 77 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
ՄՊՀ–ն ծխախոտի արտադրանքի ոլորտում ուսումնասիրություններ է իրականացրել, դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները:
Ծխախոտային արտադրանքի արտահանման ծավալները 2022 թվականին շուրջ 16%-ով աճել են 2021 թվականի համեմատ, ինչը մեծապես պայմանավորված է սիգարետի արտահանման ծավալների ավելացմամբ։
Նշվում է, որ էլեկտրոնային և տաքացվող ծխախոտների արտադրություն Հայաստանում չի իրականացվում, այլ ամբողջությամբ ներմուծվում է: Մինչդեռ սիգարետի մասով ՀՀ-ն ամբողջությամբ ինքնաբավ է և առավելապես հանդիսանում է սիգարետ արտահանող երկիր։ Տեղական արտադրությունը մոտ 12 անգամ գերազանցում է ներմուծման ծավալը:
Ի տարբերություն սիգարետների և էլեկտրոնային ծխախոտների՝ տաքացվող ծխախոտը չի ներառվում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։ Այն դասակարգվում է որպես ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչ։
ՄՊՀ–ում համարում են, որ տաքացվող ծխախոտները նույնպես պետք է ներառվեն պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։