ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվեց Գևորգ Պապոյանը

Գևորգ Պապոյան
Գևորգ Պապոյանը 2022 թ. դեկտեմբերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվեց նախկին ՀՀԿ–ական, այժմ ՔՊ–ական Գևորգ Պապոյանը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Գևորգ Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,– ասված է փաստաթղթում:
Պապոյանը ծնվել է 1987թ. փետրվարի 11-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում:

2008 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, 2011–ին՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան:
2005-2018 թվականներին անդամակցել է ՀՀԿ-ին։ 2022 թ. նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, 2022 թ. դեկտեմբերից՝ վարչության փոխնախագահ: 2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Հիշեցնենք` փետրվարի 14-ից հետո, երբ Վահան Քերոբյանն ազատվեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, մամուլում շրջանառվում էր հենց Պապոյանի անունը։
Սակայն փետրվարի 15-ին ՀՀ կառավարությունում ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից դուրս գալուց հետո Պապոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրեն էկոնոմիկայի նախարարի պաշտոն չի առաջարկվել։
Մինչդեռ փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հավանություն է տվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվի Գևորգ Պապոյանը։
Փետրվարի 26-ին նա վայր դրեց պատգամավորական մանդատը։