Հետաքննությունը դեռ ավարտին չի հասցվել. Ասրյանը` Ներքին Հանդի դեպքի մասին

Ներքին Հանդ
ՊՆ ՌՈ–ն հետաքննում է ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեղեկությունը Կապան-Զանգելան հատվածում հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստան–Ադրբեջան սահմանի Կապան–Զանգելան հատվածում փետրվարի 12-ին ՀՀ ԶՈւ կողմից կրակ բացելու մասին ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկությունը դեռևս հետաքննվում է։«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս մասին ասաց ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Փետրվարի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել, 1-ը՝ վիրավորվել: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թեԿապան–Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահներն են կրակ բացել, ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել։ Այժմ ՊՆ ռազմական ոստիկանությունը հետաքննում է այդ տեղեկությունը։
«Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցածի մասով հետաքննությունը դեռևս ավարտին չի հասցվել»,– նշեց Ասրյանը։
Նա վստահեցրեց` ավարտական փուլ հասնելու պարագայում այդ մասին կտեղեկացվի։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը փետրվարի 12-ին հայտարարել էր, որ վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տվյալներով` փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն չի եղել: Նշվել էր, որ այդ հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: