ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի ոստիկանության և հետախուզության աշխատակիցները Ստամբուլում ձերբակալել են յոթ մարդու։ Կասկածներ կան, որ նրանք աշխատել են իսրայելական «Մոսադ» հետախուզության համար։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան այդ մասին հայտնել է X սոցցանցում և հրապարակել հատուկ գործողության տեսանյութը։
TRT հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ ձերբակալվածների թվում է նախկին պետծառայող, այժմ մասնավոր խուզարկու Համզա Թուրհան Այբերքը, որին պարբերաբար առավոտյան եթերների են հրավիրել տեղական հեռուստաալիքները:
Հետաքննության տվյալներով՝ նա իսրայելական հետախուզությանը գումարի դիմաց տեղեկություններ է տրամադրել, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում Մերձավոր Արևելքի անձանց և ընկերությունների գործունեության մասին։ Դիտարկման հատուկ միջոցների միջոցով հետևել է նրանցից մի քանիսին և տվյալներ փոխանցել «Մոսադին»։
Հրապարակման համաձայն՝ Այբերքը 2019 թվականին վերապատրաստվել է Բելգրադում։
Նշենք, որ տարեսկզբին թուրքական հակահետախուզության գործողության արդյունքում Թուրքիայում իսրայելական «Մոսադի» համար աշխատելու կասկածանքով ձերբակալվել էր 34 մարդ: