ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակհազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ և մտադիր է հումանիտար օգնություն հասցնել Գազա։ Այս մասին այսօր Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ Կահիրեում հանդիպումից հետո արած հայտարարության մեջ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանն էլ վերապրել է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու` միջազգային հանրության կոչերին:
Փաշինյանը բարձր է գնահատել Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում ։
«Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիիսին` այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն»,–նշել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, վարչապետը նշել է, որ Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին։
Հիշեցնենք` Փաշինյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն է մեկնել երկօրյա պաշտոնական այցով: