Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներն արդարացի են և լեգիտիմ՝ հիմնված հանրահայտ սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգման անհրաժեշտության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ՀՀ շարունակական ջանքերին՝ իր եգիպտացի գործընկերոջը ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները:
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներն արդարացի են և լեգիտիմ՝ հիմնված հանրահայտ սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգման անհրաժեշտության վրա:
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ արտահայտված շահագրգռվածությունը և փոխադարձության ու հավասարության սկզբունքներով գործընթացն առաջ տանելու քաղաքական կամքը։
Հայաստանը մտադիր է հումանիտար օգնություն հասցնել Գազա. Փաշինյան
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման հեռանկարների շուրջ:
Զրուցակիցները կարևորել են պարբերական բարձրաստիճան փոխայցելությունների դերը հայ-եգիպտական փոխգործակցության շրջանակի ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման գործում։
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն է մեկնել երկօրյա պաշտոնական այցով: