ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Ֆեյսբուքում» և «Ինստագրամում» քիչ–քիչ «ուշքի են գալիս»։ Արդեն հնարավոր է մուտք գործել օգտահաշիվներ։
Մինչ այդ սոցցանցային օգտատերերը ստանում էին մեկ գրություն.
«Խափանման պատճառը տեխնիկական սպասարկումն է, ու շուտով կվերականգնվի ցանցի աշխատանքը»,–այդպիսի գրառում էր հայտնվում մուտք գործելու փորձի ժամանակ։
Ինչպես նշում է downdetector.com –ը, սոցցանցերի աշխատանքի խափանման մասին զանգվածային հաղորդագրություններ սկսել են ստացվել Երևանի ժամանակով 19:18-ին:
«Մետան» առայժմ սահմանափակվել է շատ կարճ մեկնաբանությամբ։
«Մենք գիտենք, որ մարդիկ խնդիրներ ունեն մեր ծառայություններից օգտվելու հարցում: Մենք աշխատում ենք դրա վրա», - գրել է կորպորատիվ խոսնակ Էնդի Սթոունը X-ում:
Միլիոնավոր մարդիկ են գրանցվել Telegram-ում վերջին մեկ ժամվա ընթացքում, մինչ «Ինստագրամը» և «Ֆեյսբուքը» չէին աշխատում, իր հերթին հայտարարել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը:
X (Twitter)-ում էլ գրառում է հայտնվել այս բովանդակությամբ՝ «Մենք գիտենք, թե դուք ինչու եք այստեղ»։
Նշենք, որ վերջին անգամ «Ֆեյսբուքի», «Ինստագրամի»-ի և WhatsApp-ի զանգվածային խափանումը տեղի է ունեցել 2021 թվականին։