ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 5-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցում գործող «Պարմա» սուպերմարկետի դռների ապակիներն ու ներսում գտնվող տերմինալը ջարդված են։
«Պարզվել է, որ ժամը 05։00-ից միչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Ահարոնյան 1/6 հասցեում գործող «Պարմա» սուպերմարկետի մուտքի դռան ապակին, այնտեղից դուրս են բերել «Թել-Սել» վճարահաշվարկային տերմինալը, կոտրել այն և գողացել այնտեղ պահվող գումարը, իսկ տերմինալը թողել են դեպքի վայրում»,–հայտնում է կայքը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով` նշված սուպերմարկետի տնօրեն 33-ամյա Արեգ Ն․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ խանութին պատճառվել է նյութական վնաս, իսկ վճարահաշվարկային տերմինալի մեջ եղել է 3 մլն դրամ։