ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանն այսօր այն վիճակում չէ, որ որևէ ուժային կամ քաղաքակրթական կենտրոնի հետ գնա նոր թշնամանքի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
«Ռուսաստանի հետ չի կարելի արհեստական սրման գնալ, չի կարելի ընդհատել դիալոգը և երբեք չի կարելի հաթաթա տալ։ Բայց սա չի նշանակում, որ մենք կոչ ենք անում Արևմուտքի հետ նույնն անել։ Կարելի է 2 բևեռի (Ռուսաստանի և Արևմուտքի, – խմբ.) հետ էլ ունենալ նորմալ հարաբերություններ, եթե ճիշտ օրակարգ դնես»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց` Արևմուտքը ՀՀ–ին թշնամի չէ, այնտեղ ապրում է հայերի 1/3-ը, բայց դա չի նշանակում, որ հակառուսականությամբ հնարավոր է ռացիոնալ դաշնակից ձեռք բերել հենց Արևմուտքից։ հովհաննիսյանը վստահեցնում է` նրանք չեն կարող Հայաստանի անվտանգությունն ապահովել, քանի որ նման լծակներ չունեն։
«Ասում են` ռուսը մեզ ծախսեց։ Ե՞րբ էր ռուսը մեզ առել, որ հիմա էլ ծախեց։ Ռուսը գուցե լավ բարեկամ չէ, բայց թշնամի չէ։ Արա այնպես, որ դառնա լավ բարեկամ։ Ռուսը բարդ գործընկեր է, բայց նաև պետք է հասկանալ, որ մասնավորապես հիմա ինքը բարդ իրավիճակում է, քանի որ ամբողջ Արևմուտքի հետ բարիկադավորված պատերազմի մեջ է»,– ասաց Հովհաննիսյանը։
«Այլընտրանքային նախագծեր խմբի» հիմնադիրը շեշտեց` հայերը գոռում են` Հայաստանն առանց թուրքի կամ Հայաստանն առանց ռուսի, վերջում ստացվելու է` Հայաստանն առանց հայի։ Վստահ է` սա սեփական սխալների արդյունքն է։
«Ոչ ոք չի ասում, թե Հայաստանը Ռուսաստանի հետ չունի խնդիրներ, բայց այդ հարցերը պետք է քննարկել շփումների, բանակցությունների, դիալոգի միջոցով և ոչ թե դեմարշի»,–ասաց նա։
Հովհաննիսյանի պնդմամբ` ՌԴ–ն 150–միլիոնանոց ատոմային գերտերություն է ու ահռելի տնտեսական լծակներ ունի Հայաստանի վրա։ Ըստ նրա` այն, որ Ադրբեջանը և Թուրքիան առ այսօր վերջնականապես չեն «ցլահարել» Հայաստանը, ՌԴ–ի և մեր երկրում նրա զորք ունենալու գործոնն է։
Հիշեցնենք` փետրվարի 1–ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետը Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում այլաբանորեն Թուրքիան ու Ադրբեջանը համեմատել էր ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Նա նշել էր` որքան էլ այդ շորը թանկ լինի, որովհետև տատիկն է գործել, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվե՞լ ցլի ոտքերի տակ, թե՞ հանում–շպրտում է այն և փրկվում։