Դա իմ խնդիրը չէ. Սասուն Միքայելյանին զայրացրեց ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու հարցը

Սասուն Միքայելյան
ԵԿՄ նախագահը շեշտեց, որ իր խնդիրը սահման պահելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը վստահ է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հասկանում է` ինչ է անում։ Նա այդ մասին ասաց Եռաբլուրում` պատասխանելով ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին հարցին։
«Մենք էլ էնտեղ գերիներ ունենք, դա իմ խնդիրը չի, իմ խնդիրը սահման պահելն է: Դրանք քաղաքական գործընթացներ են…ԱԱԾ–ի հարցն է, ԱԱԾ–ն հասկանում է՝ ինչ է անում…Էլի քթներդ ամեն ինչի մեջ մտցնում եք»,– զայրացավ Միքայելյանը։
Հիշեցնենք` փետրվարի 28-ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը ժամը 05:15-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը։ Նա զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Փետրվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ։
Մարտի 4-ին ՔԿ–ն հայտնեց, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանի զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, ԱԱԾ–ն էլ հայտարարեց, որ, որպես բարի կամքի դրսևորում, որոշվել է նրան վերադարձնել։