Որպես բարի կամքի դրսևորում․ ադրբեջանցի զինծառայողին կվերադարձնեն. ԱԱԾ

ԱԱԾ-ն ընդգծում է, որ նման որոշում է կայացվել բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Որպես բարի կամքի դրսևորում՝ որոշում է կայացվել վերադարձնել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նշվում էր՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով։ Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։
Հիշեցնենք` փետրվարի 28-ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը ժամը 05:15-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը։ Նա զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Փետրվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «դիվերսիայի փորձ․․․ ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու․․․ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ»։