ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց. դատարանը որոշեց ազատ արձակել նրան։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ալընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը չմերժեց` գեներալ–լեյտենանտն ազատ կարձակվի 5 մլն գրավի դիմաց։
ԳՇ պետի նախկին տեղակալի փաստաբանները նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդել էին, որ խափանման միջոցը փոխվի, կիրառվի վարչական հսկողություն կամ տնային կալանք։
«Տիրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել, այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը` 5 մլն ՀՀ դրամ, և բացակայելու արգելքը։ Մեղադրյալ Տիրան Խաչատրյանին անհապաղ ազատ արձակել։ Գրավի գումարը ենթակա է վճարման ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Վճարումը հավաստող փաստաթուղթը եռօրյա ժամկետում պետք է ներկայացվի վարույթն իրականացնող մարմնին»,– նշեց դատավորը։
Որոշման հրապարակումից հետո դատարանում ծափեր հնչեցին։
Հիշեցնենք` հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում վիճաբանություն է եղել մոտ 10 անձի միջև։ Ըստ ՔԿ–ի` վիճաբանության ընթացքում Տիրան Խաչատրյանն ատրճանակից օդ է կրակել, իսկ երբ ներկաները ցանկացել են կանգնեցնել նրան և ձեռքից վերցնել ատրճանակը, արձակել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը։
2024թ. հունվարի 13-ին Տիրան Խաչատրյանին մեղադրանք ներկայացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը։
Այս գործով ևս 3 անձ կա կալանավորված։