ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտոնյան` ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ–ում չմնալն ու, առհասարակ, ՌԴ–ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը նաև հետևանքներ կունենա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը: Ի պատասխան Լավրովն ասել էր, որ Հայաստանի այն դիրքորոշումը, որ Ռուսաստանի հետ մերձեցման սկզբնական ուղեգիծը սխալ էր, կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների էական վերանայման։
«Ենթադրաբար դա նշանակում է ՌԴ–ի` ՀՀ-ի նկատմամբ իրականացվող քաղաքականության վերանայումներ, ինչը նշանակում է քաղաքական, ռազմական համագործակցությունից մինչև տնտեսական: Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունն այս դիսկուրսը նոր է ծավալում կամ դրա մեջ լրջություն դնում, հարցն այն է, որ ՌԴ–ն փորձում է վերջնականացնել հաշիվները` հասկանալու, թե սա սովորական շանտաժ է՞, թե՞ Հայաստանի նոր ընթացքը դեպի ԵՄ»,– գրել է Աբրահամյանը:
Ըստ նրա` ՌԴ–ն սա անում է, որպեսզի հետագայում իր կոշտ հակազդեցությունը ՀՀ–ում և արտաքին աշխարհում ամբողջությամբ լինի ընկալելի, իսկ թե դրանք ի՞նչ հետևանքներ կունենան և ի՞նչ ծավալով կլինի, կախված է իրադարձությունների ընթացքից:
Ի՞նչ կանի այս իրավիճակում հայաստանյան իշխանությունը. Աբրահամյանի համոզմամբ` ՀՀ կառավարությունը կգնա ամենավատ ճանապարհով` ինչպես նախորդ բոլոր կարևոր որոշումներում:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը: Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու թեզն ըստ երևույթին վերաբերում է կազմակերպության միջոցառումներին չմասնակցելուն, քանի որ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։