ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր քանդակագործներ Միքայել և Վահե Սողոյանները ծրագրում են քանդակել ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին ղեկավար, նախկին սենատոր Նիկոլայ Ռիժկովի արձանն ու առաջարկում են այն տեղադրել Մոկսվայում։ Այս մասին ասվում է Սողոյանների ստուդիայի տարածած հաղորդագրության մեջ։
Այս փուլում Սողոյանները սկսել են Ռիժկովի արձանի նախագծումը։
«Նման մեծ ընկեր կորցնելը իմ և ընտանիքիս համար անձնական կորուստ է։ Տանջող ցավ է, երբ հեռանում են հոգեպես մտերիմ մարդիկ, Նիկոլայ Իվանովիչը հենց այդպիսի մարդ էր։ Մեր կյանքն ավելի քան 3 տասնամյակ Ռիժկովի հետ անկեղծ ընկերության կապով էր կապված։ Լինում էին օրեր, երբ ես նրա հետ զրուցում էի օրական 5-7 անգամ», – ասել է Միքայել Սողոյանը։
Նրա խոսքով` հուշարձանի ստեղծումը իր և իր եղբոր պարտքն է։ Նախագծման աշխատանքները քանդակագործները մտադիր են իրականացնել անհատույց։
Սա կլինի ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավարի երրորդ արձանը։ Սողոյան եղբայրների ևս երկու արձան կա տեղադրված Սպիտակում` ավերիչ երկրաշարժի 10-ամյակի առիթով, և Բելգորոդի մարզի Պրոխորովկա ավանում։
Բացի այդ, Գյումրիում Ռիժկովի անվան փողոցում հուշատախտակ է տեղադրված։
«Նախնական, հուշարձանը տեսնում եմ գրանիտի մեծ կտորից արված, իսկ Նիկոլայ Իվանովիչին` հեռուն նայող վճռական, կամային հայացքով», – ասել է Սողոյանը։
Նա նշել է, որ կցանկանար Նիկոլայ Իվանովիչի մտերիմներին ու հարազատներին առաջարկել, որ հուշարձանը բացվի նրա ծննդյան օրը` 2024 թվականի սեպտեմբերի 28-ին, այնտեղ, որտեղ հուղարկավորված է Ռիժկովը։
Հիշեցնենք, որ Նիկոլայ Ռիժկովը մահացել է փետրվարի 28-ին` կյանքի 95-րդ տարում։ 1985-1990 թվականներին նա գլխավորել է ԽՍՀՄ նախարարների խորհուրդը։ 1995-2003 թվականներին ընտրվել Պետդումայի պատգամավոր, այնուհետև աշխատել է Դաշնային խորհրդում` ներկայացնելով Բելգորոդի մարզը։ 2023 թվականին նա վաղաժամ վայր դրեց լիազորությունները` շարունակելով աշխատանքը որպես պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խորհրդական։