ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Հունաստանը սկզբունքորեն դեմ է ցանկացած ռազմական գործության և կողմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միջազգային օրենսդրության շրջանակներում։ Այսօր համատեղ հայտարարությունների ժամանակ այս մասին ասաց Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
«Այսօր, երբ ընդհանուր անվտանգային միջավայրը փխրուն է, ծավալապաշտությունն ավելի է ընդլայնվում, միջազգային դաշնագրեր են խախտվում, ՄԱԿ-ի կանոնակարգերի խախտումներ են տեղի ունենում, աշխարհը պետք է ընդհանուր մի ճակատ ստեղծի այս մարտահրավերներին դիմագրավելու համար, պետք է ցույց տանք, որ պատրաստակամ ենք կոնֆլիկտների դեմն առնել և խաղաղությանն ուղղված քայլեր անել»,- ասաց հույն նախարարը։
Նա նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի հետ համատեղ քննարկումների ժամանակ անդրադարձ է արվել տարբեր հարցերին, որոնք պետք է նպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Նախարար Դենդիասը նշեց, որ Հունաստանում նպատակ ունեն զարգացնելու պաշտպանության ոլորտում նորարար լուծումների մշակումը և հրավիրեց հայկական ընկերություններին ևս մասնակցել լուծումների մշակմանը։
«Պատմությունը մեզ միավորում է, մենք նման ողբերգական փորձի միջով ենք անցել՝ հալածանքների, հետապնդումների, ցեղասպանության միջով, մեր ժողովուրդները միասին տառապել են։ Սա ստեղծել է շատ ամուր կապեր ոչ միայն երկրների, այլև ժողովուրդների միջև»,- ասաց Դենդիասը։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը նաև խոստացավ, որ օրվա ընթացքում անպայման այցելելու է Ցեղասպանության հուշահամալիր։
Հիշեցնենք` Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել այսօր։