Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել Արթուր Գասպարյանին

Գասպարյանը մինչ այս զբաղեցնում էր ՊՊԾ պետի տեղակալի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Արթուր Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ։ Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակում։
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,–ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
Նշենք, որ Գասպարյանը մինչ այս զբաղեցնում էր ՊՊԾ պետի տեղակալի պաշտոնը, որից, Փաշինյանի որոշմամբ, ազատվել է այսօր` մարտի 4–ին, պետ նշանակվելուց առաջ։
Հիշեցնենք` ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանին ՀՀ վարչապետը պաշտոնից ազատել էր 2023–ի սեպտեմբերի 10–ին։
Հովհաննիսյանը 2004 թվականից ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների Պետական պահպանության ծառայությունում՝ զբաղեցնելով բաժանմունքի պետից մինչև ծառայության պետի պաշտոններ: ՊՊԾ պետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին, վերանշանակվել՝ 2023թ. ապրիլին։
Նրա շուրջ աղմուկ բարձրացավ 2022 թվականի մայիսին, երբ ընդդիմադիրների բողոքի ակցիայի ժամանակ ոտքով հարվածեց իրեն նկարող օպերատորին։
Նշենք, որ Պետական պահպանության ծառայությունը առանձնացվել է ԱԱԾ–ից ու գործում է որպես վարչապետին ենթակա մարմին։