ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Հայաստանն ու Հունաստանը միևնույն մոտեցումներն ու ընկալումներն ունեն տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ։ Այսօր Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարների համատեղ հայտարարությունների ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել է արվել միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ համագործակցության հնարավորություններին։
«Կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Եվրամիության և ՆԱՏՕ-ի շրջանակներում սերտ համագործակցությունը»,- ասաց Պապիկյանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում, եվրոպական պետությունների և կառույցների հետ հարաբերություններում, միջազգային առաքելությունների մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում ճանապարհ է հարթել Հայաստանի համար։
Հիշեցնենք` Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել այսօր։