ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պատրաստվում է ստուգումներ անցկացնել «Մաքս Ֆիշ» ընկերությունում։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
Մարտի 1-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ խախտումներ է հայտնաբերել Հայաստանից մատակարարված ձկնկիթում, ժամանակավորապես սահմանափակվել են «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր ձկնկիթի և ծիածանափայլ իշխանի կարմիր սառեցված ձկնկիթի մատակարարումները:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռոսսելխոզնադզորից ստացել է գրություն այն մասին, որ «Մաքս Ֆիշ» ՍՊԸ ընկերության արտադրած իշխանի ձկնկիթի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ): ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները:
«Տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,– ասված է հաղորդագրությունում։
ՍԱՏՄ–ն «Մաքս Ֆիշ» ընկերությունում վերջին անգամ վերահսկողություն է իրականացրել 2023թ-ին, այդ ժամանակ խախտումներ չեն հայտնաբերվել: