Իրանի խորհրդարան է անցել 245 պատգամավոր, թափուր տեղերը կլրացվեն 2-րդ փուլում

Փորձագետները նշում են, որ քաղաքացիները նախապատվությունը տվել են առանձին թեկնածուներին, ոչ թե հայտնի քաղաքական գործիչների կողմից աջակցվող կոալիցիաների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իրանի ընտրական շտաբը հայտարարել է ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Իսլամական Հանրապետության նոր գումարման մեջլիս (Իրանի միապալատ խորհրդարան) անցած 245 պատգամավորների անունները: Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։
Դրա տեղեկություններով՝ նրանց թվում է նախորդ գումարման Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրան հաջողվել է վերընտրվել նոր ժամկետով՝ հավաքելով ընտրողների ավելի քան 447 հազար ձայն։
Գործակալության տվյալներով՝ խորհրդարանում ևս 45 տեղերի ճակատագիրը կորոշվի քվեարկության երկրորդ փուլում: Դրա անցկացման ամսաթիվը դեռ չի նշվում։
Մեջլիսը կազմված է 290 պատգամավորից։ Պատգամավորական լիազորությունների ժամկետը չորս տարի է:
Երկրի Սահմանադրության մեջ խորհրդարանականների թիվը փոխելու հնարավորություն է նախատեսվում՝ հաշվի առնելով քաղաքական, աշխարհագրական և այլ գործոններ. յուրաքանչյուր 10 տարին մեկ պատգամավորների թիվը կարող է ավելացվել 20-ով: Խորհրդարանի հինգ տեղերը վերապահված են կրոնական փոքրամասնություններին. ասորի քրիստոնյաներն ու քաղդեացիները միասին ընտրում են մեկ պատգամավոր, հայ քրիստոնյաները՝ երկու, հրեաներն ու զրադաշտականները՝ մեկական:
Մարտի 1-ին Իրանում տեղի են ունեցել Մեջլիսի և Իրանի փորձագետների խորհրդի ընտրությունները: IRNA-ի տվյալներով՝ համազգային մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել՝ 41 տոկոս, Թեհրանում՝ 24 տոկոս: Պաշտոնյաները կանխատեսում էին, որ վերջնական մասնակցությունը կլինի ավելի բարձր, քան 42,5%-ը, որը գրանցվել է 2020 թվականի վերջին ընտրարշավի ժամանակ, բայց այն ավելի ցածր է եղել: