Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են Ռամզես II փարավոնի արձանի վերևի հատվածը

Ռամզես II փարավոնի արձանը
Գտածոն Ռամզես II-ի արձանի ներքևի հատվածի լրացումն է, որը 1930 թվականին հայտնաբերել էր գերմանացի հնագետ Գյունտեր Ռյոդերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Հնագետները Եգիպտոսի Էլ Մինյա նահանգում` հնագույն Հերմոպոլ քաղաքի տարածքում պեղումների ընթացքում հայտնաբերել են Ռամզես II փարավոնի արձանի վերին մասը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը։
Նշվում է, որ հայտնագործությունն արվել է Եգիպտոսի հնությունների հուշարձանների հարցերով բարձրագույն խորհրդի և Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) համատեղ հնագիտական առաքելության շրջանակներում:
Հնագույն հուշարձանների հարցերով Գերագույն Խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Կազիրիի խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ գտածոն Ռամզես II-ի արձանի ստորին հատվածի լրացումն է, որը 1930 թվականին հայտնաբերել էր գերմանացի հնագետ Գյունտեր Ռյոդերը:
Եգիպտական կողմից առաքելության ղեկավար Բասեմ Գիլադը հայտարարել է, որ հայտնաբերված արձանի վերնամասը կրաքարից է, բարձրությունը մոտ 3,8 մետր է: Նրա խոսքով՝ վերևի և ներքևի մասերի միացնելու դեպքում դեպքում արձանը կարող է հասնել 7 մետր բարձրության։
Ռամզես II-ը Հին Եգիպտոսի պատմության ամենամեծ տիրակալներից մեկն է։ Ենթադրվում է, որ նա իշխել է ավելի քան 60 տարի, այդ ընթացքում Եգիպտոսը հասել է լուրջ ռազմական հաջողությունների և խոշոր տարածքային նվաճումների: