ՀՀ–ն ու Հունաստանը պայմանավորվել են նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը

Նիկոս Դնեդիասն ու Սուրեն Պապիկյանը
Պապիկյանի ու Դենդիասի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանն ու Հունաստանը պայմանավորվել են նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն` Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Դենդիասի հետ, դրան հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք` Պապիկյանը 2023 թվականի դեկտեմբերին Հունաստանում հանդիպել էր Նիկոս Դենդիասի հետ ու ստորագրել ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։