Հայաստանում հարցվածների մեծ մասն իրական է համարում Ադրբեջանի հետ պատերազմի վտանգը․ Gallup

Հարցման մասնակիցների 53,8%-ն անընդունելի է համարում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանի քաղաքացիների մեծ մասն իրական է համարում մոտ ապագայում Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքը։ Այս մասին են վկայում Gallup International Association-ի ներկայացուցչության անցկացրած հարցման տվյալները։ Հարցման տվյալները երկուշաբթի ներկայացրել է կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Այն հարցին, թե արդյոք մոտ ապագայում Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ եք տեսնում, հարցման մասնակիցների 55,1%-ը պատասխանել է միանշանակ այո, ավելի շուտ այո է ասել 25,5%-ը, ավելի շուտ ոչ՝ 9,8%-ը, միանշանակ ոչ՝ 7,2%-ը», - ասաց Արամ Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի ակտիվ ռազմական համագործակցությանը լիովին աջակցում է հարցվածների 56,2 տոկոսը, դրական է վերաբերվում 25,9 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 4,7 տոկոսը, բացասական՝ 9,6 տոկոսը: Հարցվածների ևս 3,3%-ը դժվարացել է պատասխանել հարցին։ Հարցվածների 46%-ը կարծում է, որ Հայաստանը կարող է ռազմաքաղաքական օգնություն ստանալ Ֆրանսիայից։
ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի շահերից չի բխում․ հարցում
«Եվս 21,9 տոկոսը կարծում է, որ Հայաստանը կարող է ռազմաքաղաքական օգնություն ստանալ Ռուսաստանից, 15,9 տոկոսը՝ Իրանից , 13,7 տոկոսը՝ ԱՄՆ-ից, 23,2 տոկոսը՝ Հնդկաստանից, 4,9 տոկոսը՝ Չինաստանից»,- նշեց Նավասարդյանը։
Բացի այդ, քաղաքացիների մեծամասնությունը՝ 53,8 տոկոսը, անընդունելի է համարում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար, իսկ հարցվածների 42,5 տոկոսի համար դա ընդունելի է:
Նշենք, որ հարցումն անցկացվել է 1100 մարդու շրջանում փետրվարի 26-28-ը։ Հարցերն առաջարկել են հայ քաղաքագետները։