ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Արդյունաբերական ապրանքների Եվրասիական ռեեստրում առաջին անգամ Հայաստանից ընկերություն է ընդգրկվել։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հայտիհամաձայն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության վարչության փոխտնօրեն Պավել Ժուկովսկին հայտարարել է, որ այդ իրադարձությունը կարելի է խորհրդանշական անվանել, քանի որ այսուհետ ռեեստրում տեղեկություններ կան ԵԱՏՄ բոլոր երկրների արդյունաբերական ապրանքների և դրանք արտադրողների մասին: Նա նշել է, որ ապրանքներն ու արտադրողները ռեեստրում ընդգրկվում են հայտերի հիման վրա, և միության երկրներին կոչ է արել իրենց ձեռնարկությունների համար հայտեր ներկայացնել:
Մարտի 4-ի դրությամբ Եվրասիական ռեեստրում տեղեկություններ կան շուրջ 22 հազար ապրանքների և 148 արտադրողների մասին, սակայն Հայաստանը դեռևս ներկայացված է ի դեմս միայն մեկ ընկերության՝ Interactive Smart Technology FEZ-ի, որը բնական գիտությունների (ֆիզիկա, ֆիմիա, կենսաբանություն) դպրոցական լաբորատորիաների վիրտուալ մոդելներ է կազմում:
Եվրասիական ռեեստրում ընդգրկված արտադրողները հնարավորություն ունեն մասնակցել ԵԱՏՄ բոլոր երկրներում իրականացվող պետական գնումներին։