Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում նախորդ ամիս Երևանում 35 երեխա է ծնվել

2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի հունվար ամիսը Արցախից բռնի տեղահանվածների շրջանում 187 երեխա է ծնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում Երևանում փետրվար ամսին ծնվել է 35 երեխա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։
«Արցախից բռնի տեղահանվածների շրջանում փետրվարին ծնվածներից 24–ը տղա է, իսկ 11-ը` աղջիկ»,– նշեց Կարապետյանը։
Փետրվարին Երևանում ընդհանուր առմամբ ծնվել է 1515 երեխա` 777 տղա, 738 աղջիկ։ Մահացել է 664 երեխա, բնակչության բնական աճը կազմել է 0,8 տոկոս։ Մեկ ասում 15 ընտանիքում ծնվել է 5-րդ երեխան, 3-ում` 6-րդ և 7-րդ, իսկ 1 ընտանիքում` 8-րդ։
Նա նաև ընդգծեց, որ Երևանի ենթակայության բուժհաստատություններում փետրվար ամսին աշխատանքի է ընդունվել Արցախից բռնի տեղահանված 14 բուժաշխատող։ Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը կազմել է 167 784, ինչը նախորդ ամսվա համեմատ պակասել է սեզոնային գրիպի նվազման հետ կապված։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի հունվար ամիսը Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ մայրաքաղաք տեղափոխված արցախցիների ընտանիքներում ծնվել է 187 երեխա` 93 տղա, 94 աղջիկ։ Նրանցից 48-ը (22 տղա և 26 աղջիկ) ծնվել են դեկտեմբերին։