Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով ցուցանակն անհետացել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից

Ալբերտ Հովհաննիսյանը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ հրահանգ է իջեցվել դպրոցներից և զորամասերից հեռացնելու «փառքի անկյունները»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում անմահացած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակը հանվել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ դեռևս 2021 թվականին բուժկենտրոնի «Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության» բաժանմունքն անվանակոչվել էր որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի անունով։ Բաժանմունքում էլ բուժվել են 200-ից ավելի զինվորներ։
Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակը
«Հերթական անգամ այցելեցինք տվյալ բաժանմունք և անակնկալի գալով՝ տեսանք, որ տվյալ հարկում բացակայում է բաժանմունքը՝որդուս նկարով վահանակի հետ միասին»,- գրել է Արտակ Հովհաննիսյանը։
Աշխատակիցներից հետաքրքրվել են, թե որտեղ են բաժանմունքն ու վահանակը։ Ոմանք ասել են, թե բաժանմունքը տեղափոխվել է, նորը գտնել այդպես էլ չի հաջողվել։ Որևէ մեկը տեղեկություն չի ունեցել նաև վահանակի մասին, անգամ ասել են, թե նման բան չի եղել։
Արտակ Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է բաժանմունքի պատին ամրացված ցուցանակը, մյուս լուսանկարում՝ դատարկ պատն է՝ ապամոնտաժված ցուցանակից մնացած անցքերով։
Պատը, որի վրա եղել է Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակը
«Իսկ վահանակի ներքևի հատվածում, որտեղ միշտ թարմ ծաղիկներ էին լինում, թափված էր պարկով աղբ»,- եզրափակում է հերոսի հայրը։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ սոցիալական ցանցերում հրապարակումներ են տարածված, որ Հայաստանի տարբեր մարզերի, նաև երևանյան դպրոցներից հեռացվում են «փառքի անկյունները»։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ԿԳՄՍՆ-ն է շրջաբերական տարածել հերոսների նկարները հեռացնելու վերաբերյալ։ Նախարարությունից Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել էին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, որ փառքի անկյունները հեռացվել են նաև որոշ զորամասերից։ Այս առնչությամբ էլ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ զորամասերում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, փոխում են տպագրական նյութերը, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվել են։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նյութերի թարմացման և թեմատիկ համալրման ուղղությամբ: