ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր Ալբանիայում բացվել է Արևմտյան Բալկաններում ՆԱՏՕ–ի առաջին ավիաբազան։
«2024 թվականի մարտի 4-ին Ալբանիան պաշտոնապես բացեց Կուչովայի ավիաբազան` դարձնելով այն ՆԱՏՕ–ի հետագա օդային գործողությունների ժամանակակից կենտրոն», – ասվում է ՆԱՏՕ–ի կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սա Ալբանիայում ՆԱՏՕ–ի ամենամեծ նախագիծն է։ Դաշինքն այդ նախագծի վրա մոտ 50 մլն եվրո է ծախսել։
Ավիակայանը տեղակայված է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից 80 կմ դեպի հարավ։
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման դեռ 2018 թվականի օգոստոսին էր հայտարարել, որ ՆԱՏՕ–ն որոշել է Արևմտյան Բալկաններում կառուցել իր առաջին ավիաբազան։ Ավիաբազայի համար ընտրվել էր Բերատ օկրուգի Կուչովա (1950-1990 թվականներին` Ստալին քաղաք) քաղաքի հին ռազմական օդանավակայանը։